«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Մենք ընտրության հնարավորություն ունենք` կամ ներմուծել եվրոպական արժեքներն ու տեղայնացնել, փոխել մեր կյանքի որակը ու ձեռք բերել իրավունքի ուժով պաշտպանված արժանապատիվ կյանք, կամ ընտրել կոռուպցիայի և ցար ու խոլոպ հարաբերությունների արժեհամակարգով առաջնորդվող երկիր, դեպի պետականության կորուստ և Ռուսաստանի քմահաճույքից կախյալ` էթնոսի գոյություն քարշ տալու մշտնջենականություն:
«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբ
ԿՈՉ
«Ազատություն» կուսակցությանը
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությանը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը
«Հայոց համազգային շարժում» կուսակցությանը
«Հանրապետություն» կուսակցությանը
Հայաստանի պահպանողական կուսակցությանը
«Ժառանգություն» կուսակցությանը
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը
Պահպանողական կուսակցությանը
«Քաղաքացիական պայմանագիր» հանրային- քաղաքական միավորմանը և բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատներին, որոնք համարում են, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանն անդառնալի չէ:
Հարգելի գործընկերներ
Համոզված լինելով, որ Հայաստանը կարող է արդյունավետ զարգանալ և բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովել իր քաղաքացիների համար, հենվելով միայն պետականաշինության ու հանրային կյանքի կազմակերպման եվրոպական մոդելի և արժեքների վրա, Մաքսային միությանն անդամակցությունը և եվրասիական ինտեգրացիայի խորացման գործընթացներն անխուսափելիորեն ծանր հետևանքներ են ունենալու երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և ազգային ինքնության վրա, հակառակ հաճախակի հնչող պնդումների, ՀՀ իշխանությունների` Եվրասիական միության օգտին կատարած ընտրությունը որևէ կայուն երաշխիք չի ապահովում նաև անվտանգության տեսակետից, նկատի ունենալով, որ
2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ձևավորվեց անբնական իրավիճակ` մեկ օրվա ընթացքում երկիրը շրջադարձ կատարեց եվրոպական ինտեգրացիայից դեպի զարգացման այլ, տրամագծորեն հակառակ ուղի` առանց քաղաքական դաշտի տեսանելի դիմադրության, բանավեճի և առանց հանրային կարծիքը հաշվի առնելու,
երկրի ապագայի վերաբերյալ այլընտրանքային ճանապարհներ առաջարկող քաղաքական ուժերը չեն դրսևորում համախմբվածություն և համատեղ գործելու բավարար կամք,
կարևւորելով՝ Հայաստանի ինքնիշխանության ապահովման և զարգացման ուղիների` մասնավորապես եվրոպական հեռանկարի շուրջ առողջ ու բովանդակալից քաղաքական բանավեճի անհրաժեշտությունը, ինչպես նաև արդիական ազգային օրակարգի ձևավորումը,
գիտակցելով՝ Եվրաինտեգրման գործընթացի հանդեպ թյուր պատկերացումների, արհեստական կարծրատիպերի հաղթահարման, հասարակությանն այդ խնդիրների մասին իրազեկելու անհրաժեշտությունը` ինչպես փորձագիտական ու լուսավորչական, այնպես էլ քաղաքական հարթակներում.
Կոչ ենք անում`
վերը նշված մոտեցումներին համամիտ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերին, ակտիվ անհատ քաղաքացիներին` մեկտեղել ջանքերը և մասնակցել «Եվրոպական ընտրություն» նախնական անունը կրող նախաձեռնության հիմնադրմանը:
Այդ նպատակով, ձեր կուսակցության լիազորված ներկայացուցչին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնության աշխատանքային հավաքին, որը կկայանա մայիսի 22-ին, ժամը 14.00-ին, «Հրազդան» հյուրանոցում»:
Նախաձեռնող խումբ.
Գայանե Առուստամյան, լրագրող, հրապարակախոս
Հակոբ Բադալյան, լրագրող
Լևոն Բարսեղյան, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Աղասի Ենոքյան, քաղաքագետ
Զարուհի Հովհաննիսյան, հրապարակախոս
Նազենի Ղարիբյան, արվեստաբան, հրապարակախոս
Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
Աննա Շահնազարյան, քաղաքացիական ակտիվիստ
Արթուր Սաքունց, Վանաձորի հելսինկյան ասամբլեայի նախագահ